ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Վերածննդի հոտ եմ առնում, միայն թե դա կարող է դարեր տևել »

«Վերածննդի հոտ եմ առնում, միայն թե դա կարող է դարեր տևել »
20.07.2012 | 02:36

ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ գեղանկարչական, որմնաքանդակների, կոմպոզիցիոն շարքերի հեղինակ է: Արվեստագիտական իր ինքնատիպ հրապարակումները գեղագրություն է անվանում: Դասավանդում է Գյումրիի գեղարվեստի ակադեմիայում, կյանքի է կոչում Շիրակի մարզպետարանի քանդակների շարքը, իրականացնում է ևս մի խոշոր պատվեր, իր բնորոշմամբ` ստեղծագործական բացառիկ հետաքրքրություն ունեցող: Մասնակցում է մշակութային ծրագրերի, ստեղծագործական խմբերի հոգեբանության մասին հոդված գրելու ժամանակ է փնտրում:

-Ձեր հրապարակումներում հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Սպիտակ թուղթը մենախոսությա՞ն համար է, թե՞ երկխոսության:
-Երկխոսությունն էլ մենախոսություն է, մենք մեր ասելիքը մեզ ենք ասում նաև:
-Արվեստագետը, երևի, աշխարհի ամենամենակ մարդն է, նա միշտ զրուցակից է փնտրում իր ներսում, իր շուրջը: Զրույցներ, կերպարներ, աշխարհ է ստեղծում: Երևի մենակությունից փրկվելու համար: Համամի՞տ եք:
-Ոչ, երևի, բոլորին ինչ-որ բան ասելու համար:
-Արվեստագետը շատախո՞ս է, թե՞ մենախոս:
-Բարձրաձայն մենախոս է:
-Ինքնասպանի ու արվեստագետի տարբերությունը ո՞րն է: Մտածե՞լ եք: Ինքնասպանությունը օգնության կանչ է, արվեստագետի փնտրած միայնությունը` միայնությունից չմեռնելու միջոց:
-Այդ դեպքում ես ողջունում եմ ցանկացած մարդու, ով արվեստագետ է ու քրիստոնյա: Քրիստոնյան ինքնասպանության չի գնում:
-Ինչո՞ւ են այդքան շատ ինքնասպանության դեպքերը:
-Ինքնասպանության զանգվածային դեպքեր եղել են սրանից 100 տարի առաջ, եղեռնի ժամանակ, երբ կար արտաքին վտանգ, բնաջնջման վտանգ, կրոնի, մշակույթի, ընտանիքի կորստյան վտանգ: Հիմա նորից ազգն արտաքին վտանգ է զգում: Երբ երեխային դրսում ծեծում են, նա տանը ծնողներից օգնություն է խնդրում, ընկերոջն է դիմում: Հիմա ծնողին չի տեսնում, չգիտի` ո՞վ է իր ընկերը: Եթե անվտանգության ցուցիչները` մշակութային, կրթական ինստիտուտները, չաշխատեն, միշտ վտանգ ենք զգալու: Թե այս վտանգին ով որքան կդիմակայի, հարցի մյուս կողմն է:
-Ներսի՞, թե՞ դրսի դատարկությունն է ավելի տանջալի:
-Դրսի, դուրսն ավելի մերկ է, ավելի ոտաբոբիկ և ավելի դատարկ։
-«Ամենամեծ ծեսն ու սկիզբը երաժշտությունն է»: Ի՞նչ եք լսում:
-Ցանկացած ժանրի գրագետ, արժեքավոր երաժշտություն` սկսած դասականից մինչև պարսկական դափ, ժողովրդական կատարումներ, բարի, լավ էստրադա:
-Ի՞նչ են լսում:
-Մի բան, որ ժամանակին բերելու է աթերոսկլերոզի` թվային երաժշտություն: Ես այդպես եմ անվանում այն երաժշտությունը, որ այսօր գրվում և կատարվում է:
-Ամենուր ռաբիսություն կա, բայց ամենաշատը վատ երաժշտությունից ենք բողոքում: Ինչո՞ւ:
-Որովհետև երաժշտությունն ամենաառաջին ծեսն է մարդու համար: Գնահատման արժեքի սահմանման առաջին գիծը. ինչ լսում է, դա՛ է ինքը:
-Արվեստաբուժությանը հավատո՞ւմ եք:
-Եթե խոսքն իրական արվեստաբուժության մասին է, և ոչ շամանական, թմրեցնող երաժշտության հիպնոտիկ վիճակների, որոնք ավելի շատ էզոթերիկա են: Դրանք արվեստ չեն: Արվեստը հոգեվերլուծություն հասկացություն չունի, կարող է լինել ավելի խոր, քան հոգեվերլուծությունը, կարող է լինել ահավոր մեծ, հզոր, բացարձակ, բյուրեղամաքուր, բայց ոչ մետաֆիզիկական, հիպնոտիկ: Բախի երաժշտությունը մեկ անգամ լսում ես, չես կարողանում քեզ լավ զգալ, նախ պետք է սովորես լսել:
-Կարելի՞ է Ձեր բարձրացրած հարցերը Ձեզ ուղղել:
-Կարելի է:
-«Ինչպե՞ս մնալ այնպիսին, ինչպիսին ենք»:
-Չարչարվել դրա համար:
-«Այսօրվա հասարակությանը պե՞տք են արդյոք արվեստագետներ»:
-Ես դրա պատասխանը, իրոք, գիտեմ. այո, շատ ավելի են պետք, քան երբևիցե:
-«Համատարածման, հանրահռչակման և համահարթեցման արդյունքում ստեղծվեց ժամանակակից արվեստի դամբարանը, որտեղ ապրում ու ստեղծագործում են բոլորը»: Ո՞րն է սահմանը մշակութային երկխոսության ու համահարթեցման:
-Միջմշակութային երկխոսությունները կայանում են միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուրը վերջում վերցնում է իր ինքնուրույն մշակույթը և հաստատում իր մշակույթի ապրելու իրավունքը մյուսի համեմատ, ոչ թե դեմ: Ես սա ասում եմ որպես միջմշակութային երկխոսության ուսուցանող և միջմշակութային ծրագրերի մասնակից: Համահարթեցումը բոլորովին ուրիշ «օպերայից» է: Երբ մշակույթի ոլորտը փորձում են դարձնել ինչ-որ մեկի հանդեպ առավելություն ցույց տալու միջոց, այսինքն` մենք ամենաառաջինն ենք արել սա, սա մերն է, դա նոնսենս է: Մենք արել ենք, մենք անում ենք, և դա է կարևորը, ոչ թե մենք արել ենք, դա մերն է: Երբ պատմության հետ խաղ են անում, դա քաղաքականություն է, բայց երբ ինչ-որ բան ես անում, մշակույթ է, մշակութային հայեցակարգ:
-Ի՞նչ նյութերով և միջոցներով է աշխատում այսօրվա արվեստագետը:
-Սա ամենաոտաբոբիկ հարցն է այսօրվա, ցավոք, պիտի հետևյալ կերպ պատասխանեմ. այսօր կան նոր նյութեր, քիմիական արդյունաբերության և արտադրությունների զարգացման արդյունքում, բայց ոչ ժամանակի փորձություն են անցել, ոչ էլ, մտածում եմ, կանցնեն: Որովհետև բնական նյութերը մնում են բնական նյութեր: Ես ինքս փորձում եմ որքան հնարավոր է պարզ միջոցներով աշխատել, բայց այսօր այդ նոր նյութերն իրենց հետ բերում են արվեստի մի մեծ նոր դաշտ:
-Պե՞տք է պատվեր կատարի արվեստագետը:
-Ես միշտ խուսափել եմ, բայց այնպես է ստացվել, որ միշտ պատվեր եմ արել: Բայց հիմա մտածում եմ, որ եթե քո հասարակության սոցիալական պատվերն այդպիսին է, դա պետք է լավ արվի: Եվ եթե դու լավ ես անում, ուրեմն լավ է: Ես, իհարկե, կուզեի ազատ ստեղծագործել, բայց եթե ինձ պատվիրում են Շիրակի մարզպետարանի քանդակների շարքը անել, դա պիտի հասկանալի լինի և՛ դպրոցականին, և՛ մեծահասակներին, և՛ դրսից եկած արտասահմանցի հյուրին, և՛ պաշտոնական անձին, և՛ արվեստագետին:
-Ինչպե՞ս է վաստակում արվեստագետը:
-Տարբեր տեղեր աշխատելով:
-Մեր արվեստագետները մեկը մյուսին ճանաչո՞ւմ են: Գիտե՞ք արվեստագետի, ով անում է մի բան, որ ուրիշները չեն անում:
-Արվեստագետներն իրար չեն ճանաչում, գիտեն, բարևում են, նայում են միմյանց նկարները, բայց այն օբյեկտիվությամբ, որ պիտի նայեն ու տեսնեն, չեն ճանաչում: Ճանաչում են խմբերի մակարդակով: Խորհրդային տարիներին կար թայֆաբազություն, հիմա դրանք ժամանակակից արվեստի խմբեր են: Իհարկե, դրանց մեջ կան անհատներ: Ես չքնաղ պոետ ընկեր ունեմ` Համլետ Մանուկյան (Ղևոնդ), գեղանկարիչ ընկեր ունեմ, ով իմ գեղանկարիչն է` Համբարձում Ղուկասյան: Չեմ թվարկում բոլորին: ՈՒնեմ նաև ուսանողներ, որոնցից մեծ ակնկալիքներ ունեմ: Պիտի կարողանաս մասնագիտական ամբիցիաներդ մի կողմ դնել և այլ անկյունից նայել:
-Ասում էիք` վերածննդի հոտ եք առնում, միայն թե, ինչպես բոլոր ժամանակներում, դա կարող է դարեր տևել:
-Այո, վերածննդի հոտ եմ առնում: Մարդիկ այսօր ինֆորմացիայի, գիտության, հոգևոր, կենցաղավարության այնպիսի բազմազանություն ունեն, որ հանգիստ միջավայրի ստեղծման կարիք կա: Մասնագիտորեն վերածնունդը պայմանավորված է մի քանի հանգամանքներով, ինչի մասին ես գրել եմ իմ «Աչքի տեսողության փոփոխության ազդեցությունը կերպարվեստի վրա վերջին 500 տարում» աշխատությունում: Ժամանակները խառն էին, Արևելքն սկսել էր գնալ դեպի Արևմուտք, Արևմուտքը` մեծ չափով դեպի Արևելք: Քաղաքական պրոցեսներ էին հասունանում, եկեղեցին էր անջատվել պետությունից, ճարտարապետությունը հզորացել էր, շատերն արդեն տեսել էին Քեոփսի բուրգը, և մարդկանց մեջ հարց էր առաջ եկել` ի՞նչ անել, որտե՞ղ տեղավորել այդ ամբողջը, այդ արժեքները, ինֆորմացիոն դաշտը: Այսօր ունենք հսկայական կատարողական դաշտ, կարող ենք տեխնոլոգիայով արվեստ ստանալ, պոեզիա գրել խաչբառի մեթոդներով, լրատվամիջոցները շատացել են, ինֆորմացիան, աղմուկը, գույնն են շատացել: Մարդը պիտի նոր թռիչք անի: Երևի հայերն են անելու: Մենք կամաց-կամաց սա գիտակցում ենք: Մենք այսօր չենք սիրում արյունոտ ֆիլմեր նայել, մենք բարություն ենք ուզում, հանգիստ երաժշտություն, հոգնել ենք աղմուկից: Երբ մարդը հոգնում է, հասկանում է, որ շատ-շատ է, մտածում է` ինչ անել` վերցնել լավը, վատը գցել այն կողմ, այդ ժամանակ սկսվում է վերածնունդը:
-«Մարդ իր նկարագրով կարող է անել երկու գործողություն` ասել կամ անել. համացանցում մենք մատներով խոսում ենք»: Մարդկանց մի տեղ հավաքելու, համահարթեցման, մարդուն միայնակ ու դժբախտ դարձնելու վտանգ չե՞ք տեսնում հենց սրանում:
-Մենք այսօր կանգնած ենք հսկայական խնդրի առաջ: Երբ ես փորձում եմ վերլուծել, չեմ հասկանում կամ գոնե դրա հետևանքը չգիտեմ: Ամենակարևորը` մատներով խոսելը: Մարդն սկսել է երրորդ գործողություն անել` մատներով խոսել, ինչի արդյունքում բացառապես աշխատում է իր գաղափարական, մտավոր, հոգևոր դաշտերով: Որքա՞ն է խոցելի մարդը, որքա՞ն է բաց, այ, սա է Ձեր հարցի պատասխանը: Ի՞նչն է մեզ պաշտպանելու: Հիմա աշխարհը գիտի, որ այդ համակարգիչը դրված է իմ տան այս անկյունում:
-Վերահսկման մասի՞ն է խոսքը:
-Այո, բայց դա էլ կարևոր չէ, մարդու հոգևոր-մշակութային դաշտը բաց է:
-Ձեր դիտարկմամբ` գոնե համացանցային «ձեռքբերումների» դեպքում հայերը չեն կարող ասել, որ իրենք են առաջինը: Բայց պետք է ասել, որ շատ հարցերում մենք ոչ միայն առաջինը չենք, այլև կարգին հետ ենք մնում:
-Մեթոդաբանության նոր արժեքների մասին դեռ խոսել է պետք, միայն թե շատերին չթվա, թե մենք` հայերս, տանուլ ենք տալիս:

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 6986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ